Դիանա Անտոնյանը, իր երիտասարդ տարիքում, արդեն մեծ հաջողություններ է գրանցել կրթական և մասնագիտական ոլորտում։ Նա հիմնադրել է Education For Armenians ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որի միջոցով աջակցում է երիտասարդներին՝ հասնելու իրենց կրթական նպատակներին։ Իր կարիերայում Դիանան աշխատել է որպես research assistant North Carolina State University-ի մարքեթինգի պրոֆեսորի հետ և որպես մարքեթինգի intern Columbia University-ի պրոֆեսորի կազմակերպությունում, որը կապված է ՄԱԿ-ի հետ։ Նա նաև հաղթել է Հայոց Ցեղասպանության մասին 13 էջանոց աշխատությամբ Krieger Contest-ը և պարգևատրվել ՄԱԿ-ում՝ Նյու Յորքում, որտեղ ժյուրիի կազմում եղել են Columbia University և Fordham University դասախոսներ։
Այս հարցազրույցում Դիանան կկիսվի իր դժվար պահերով և կտա օգտակար խորհուրդներ իր հասակակիցներին՝ կրթական և մասնագիտական հաջողությունների ճանապարհին
-Ինչպե՞ս է սկսվել քո ճանապարհը դեպի միջազգային կրթության ոլորտ, եւ ինչպե՞ս ես այժմ օգնում դեռահասներին համալսարան ընդունվելու հարցում․
Բլոկադայի և պատերազմի ընթացքում հատկապես զգում էի, թե որքան անարդար է, որ երիտասարդները զրկված են կրթություն ստանալու իրավունքից, և տեսնում էի, որ այդ իրավիճակը միջազգային մակարդակով անտեսվում է։ Այդ ժամանակ մտածում էի՝ եթե մեր երկիրը ավելի հզոր լիներ, կարհամարվե՞ր այդպես։ Ու հասկանում էի, որ երկրի հզորությունը կախված է նաև իր տնտեսության հզորությունից։
Միևնույն ժամանակ հիշում էի իմ ծնողներին, որոնք իմ տարիքում նույնպես լավ կրթություն ստանալու հնարավորություն չունեին «մութ ու ցուրտ» տարիների ընթացքում։ Օրվա ընթացքում, երբ ընդամենը մեկ ժամով լինում էր էլեկտրականություն կամ գազ, նրանք ստիպված էին օգնել տան գործերում, և այդ պայմաններում կրթությունը մնում էր ետին պլանում։
Այս զուգահեռները տանելով՝ հասկացա, թե ինչքան կարևոր է կրթությունը, և որ թշնամին բլոկադայի ու պատերազմի ընթացքում մեզ զրկել էր ամենահզոր զենքից՝ կրթության իրավունքից։ Այդ պատճառով որոշեցի, որ ինքս պետք է ստանամ որակյալ կրթություն և հասկանամ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ մեր երկրի կրթական համակարգում։
Ընտրեցի երկիր՝ հզոր տնտեսությամբ և առանց ուղղակի պատերազմի ներգրավվածության, այն էր ԱՄՆ-ը, որպեսզի սովորեմ տնտեսագիտություն։ Քանի որ այդ փորձառությունը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա, որոշեցի օգնել այն երիտասարդներին, որոնք, ինչպես ես, ունեն առաքելություն՝ բացահայտելու ԱՄՆ-ում որակյալ կրթությունն ու այն ծառայեցնելու Հայաստանի բարօրությանը։
-Որո՞նք են ամենահաճախ հանդիպող մարտահրավերները, որոնց բախվում են դեռահասները ընդունվելու գործընթացում, եւ ինչպե՞ս ես օգնում նրանց հաղթահարել դրանք.
Շատ դասախոսներ վախեցնում են ուսանողներին՝ ասելով, որ Հայաստանից ոչ ոքի չեն ընդունում, մինչդեռ ամեն տարի Հայաստանից շատ ուսանողներ ընդունվում են լավագույն համալսարաններ։ Շատերը խառնվում են՝ չիմանալով, թե ինչ քայլեր պետք է կատարել և ինչ հերթականությամբ։ Իմ նպատակն է օգնել նրանց՝ կազմակերպելով պարզաբանող պրեզենտացիաներ և վեբինարներ, որոնք ցույց են տալիս ողջ գործընթացը։
-Դեռ համալսարանի դիմորդ ես. ի՞նչ մարտահրավերների ես բախվում անձամբ դու, եւ ինչպե՞ս ես պատրաստվում հաղթահարել դրանք.
Ամենամեծ մարտահրավերներն արդեն ետևում են, քանի որ անցել եմ քննությունների բարդ փուլը և ձևավորել իմ անձնական բրենդը։ Մնում է միայն կազմել բուն դիմումը։ Դիմումում, երևի, ամենամեծ դժվարությունը սկսելու պահն է, որովհետև մինչև սկսելը թվում է, թե միանգամից հիանալի շարադրություն կստացվի։ Սակայն երբ պահը գալիս է, հազար մտքեր անցնում են գլխովդ, բայց միևնույն ժամանակ ոչ մեկը՝ հստակ, անգամ երբ գիտես, թե ինչ թեմայի մասին ես ուզում գրել։
Չես հասկանում՝ ինչպես սկսել։ Չնայած ցանկանում ես, որ տեքստը տպավորիչ լինի, թվում է, թե ոչ մի տարբերակ բավական տպավորիչ չէ, ու զգում ես, որ պետք է էլ ավելի լավ անել։ Այս ամենը պլանավորում եմ հաղթահարել պարզապես սկսելով՝ գուցե «սիրողական» ձևով, թույլ տալով, որ սկզբում անթերի չլինի, բայց հետո այն կհղկեմ և կդարձնեմ այն, ինչ պետք է։ Սակայն հենց սկսելու և ինքդ քեզ ոչ իդեալական գրելու թույլտվություն տալու համար բավական խիզախություն է պետք։
-Եղե՞լ է արդյոք մի պահ, երբ ինքդ քեզ վրա կասկածել ես՝ մտածելով, որ գուցե չես հաջողի։ Ինչպե՞ս հաղթահարեցիր այդ կասկածը, եւ ի՞նչը օգնեց քեզ շարունակել.
Իմ ամբողջ պատմությունը միշտ եղել է անհնարինի չափ վատից դեպի լավագույնը դառնալու մասին։ Երկու ընդունելության քննության ժամանակ խմբում ամենավատն էի, և դա բոլորին նյարդայնացնում էր։ Անգամ դասախոսներիցս մեկն ասել էր, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, և 7 ամիս շարունակ ինձ լացացրել ու պահել էր բանակային ռեժիմով՝ մինչ կեսգիշեր իր տանը։ Սակայն դիսցիպլինայի և ինքնաշխատանքի շնորհիվ դարձա լավագույնը և նույնիսկ ստացա առաջարկ՝ այդ նույն քննության դասերը դասավանդելու մեկ այլ դասախոսի կողմից։
Այո, հենց սկզբում թվում էր, թե անհնար է նույնիսկ միջին մակարդակի հասնելը, իսկ լավագույնի մասին խոսք անգամ չկար, բայց ես համառորեն շարունակեցի։ Կան դեպքեր, երբ ծրագրերը մերժել են ինձ թույլ փորձ ունենալու պատճառով, իսկ մեկ տարի անց, երբ նորից դիմեցի, ասացին, որ արդեն բավականաչափ ուժեղ փորձ ունեմ ու նոր բան չեմ սովորի։ Խորհուրդ տվեցին շանսը տալ նրանց, ովքեր ավելի քիչ որակավորում ունեն և կարող են այդ հնարավորությամբ մեկ քայլ առաջ գնալ։
Կարճ ասած՝ ես չեմ կարողանում լինել «ոսկե միջինը»։ Սկզբում թվում է անհնարին, բայց հետո դառնում է իրականություն, և գուցե դա էլ հենց իմ հաջողության բանալին։
-Համալսարան ընդունվելու պրոցեսն ի՞նչ զգացումներ է առաջացնում քո մեջ, եւ ինչպե՞ս ես կառավարում այդ պրոցեսը.
Ես արթնանում եմ այս նպատակով և քնում՝ նույն մտքերով։ Շատերի մոտ չի ստացվում, որովհետև նրանք այս գործընթացը դիտարկում են՝ որպես երկրորդական տարբերակ, օրինակ՝ ՀՀ բուհ չընդունվելու դեպքում, չգիտակցելով, որ ԱՄՆ-ի համալսարաններ դիմելը զգալիորեն ավելի բարդ է։ Ես ամեն պահի պահում եմ այս նպատակը իմ մտքում, և դա ինձ ոգևորում է։ Ունեմ վախեր՝ կապված այս դժվարությունների, ընդունելության արդյունքների կամ մենակ այլ երկրում ապրելու հետ, բայց զգում եմ, որ սա այն ճանապարհն է, որով պետք է անցնեմ, և ոչ մի խոչընդոտ չի կարող ազդել արդյունքի վրա, քանի դեռ ես ամուր կանգնած եմ․․․
-Ինչպե՞ս ես ընտրել համալսարանները, որոնց դիմել ես, եւ ի՞նչ ակնկալիքներ ունես միջազգային կրթությունից.
Իհարկե, հաշվի եմ առել առաջարկված կրթական ծրագրերը և ակադեմիական հատվածները, բայց նաև շատ կարևոր եմ համարել հասկանալ, թե որքանով եմ համապտասխանում համալսարաններին։ Համալսարանները ընտրել եմ նաև այն հիմքով, որտեղ ես առավել երջանիկ եմ զգացել։ Միանշանակ կարևոր է նաև եղանակն ու աշխարհագրական դիրքը։ Չնայած նախկինում այդ հանգամանքին ուշադրություն չէի դարձնում, մի օր երկար տարիներ Նյու Յորքի մասին երազելուց հետո գնացի այնտեղ և հասկացա, որ իմ օրգանիզմը չի հարմարվում այնտեղի եղանակին։
-Ի՞նչ ռազմավարություն կամ քայլեր ես մշակել, որպեսզի բարձրացնես ընդունվելու հնարավորություններդ, եւ ինչ խորհուրդ կտաս մյուս դիմորդներին.
Դիմում եմ տարբեր ընդունելության տոկոս ունեցող համալսարաններ՝ սկսած ամենադժվարներից մինչև ամենահեշտերը, որպեսզի մեծացնեմ ընդունվելու շանսերս։ Իհարկե, որքան հնարավոր է, շատ համալսարանների եմ դիմում։
-Ինչպիսի՞ հմտություններ եւ գիտելիքներ են քեզ ամենաշատն օգնել այս գործընթացում.
Մարքեթինգի ստացած գիտելիքներս շատ օգնել են, որովհետև 13 տարեկան էի, երբ սկսեցի սովորել Իմպուլս Ակադեմիայում։ Հետո խորացրեցի մարքեթինգի մասին իմ գիտելիքները, և հենց 13 տարեկանում ստացա առաջին աշխատանքի առաջարկը մարքեթինգի ոլորտում Իմպուլս ակադեմիայի դասախոսներից մեկից ու սկսեցի աշխատել։ Դա ինձ սովորեցրեց, թե ինչպես ճիշտ դիրքավորել ինձ, ինչը շատ կարևոր է դիմում-հայտի համար, ինչպես նաև սովորեցի կառուցել իմ անձնական բրենդը։
-Ի՞նչ խորհուրդ կտայիր այն դեռահասներին, ովքեր նույնպես պատրաստվում են դիմել համալսարան, բայց չեն հասկանում՝ որտեղից սկսել.