Սաթենիկ Հովհաննիսյանը մանկավարժական գիտությունների թեկնածու, պատմաիրավագետ և շարունակաբար ակտիվ հասարակական գործիչ է։ ՀԱՅՔ հասարակական կազմակերպության նախագահ լինելով՝ նա իր օրինակի և փորձառության միջոցով նպաստում է կրթության և հասարակական կյանքի բարելավմանը։ Սաթենիկը մեծ ուշադրություն է հատկացնում երիտասարդ սերնդի զարգացմանը և նրանց մեջ առողջ արժեքներ սերմանելուն։ Մեզ հետ զրույցում Սաթենիկը կիսվել է իր տեսակետներով ծնող-երեխա կապի, կրթության կարևորության, մոտիվացիայի, ինչպես նաև իր որդուն դաստիարակելու սեփական մոտեցումների մասին։
Ինչպիսի՞ դեր է ունենում ծնող-երեխա կապը երեխայի զարգացման և կրթական հաջողության մեջ: Ինչպե՞ս կարող է ծնողը դառնալ իր երեխայի ամենամեծ աջակցողը:
Կարևոր են ընտանիքում ծնող-երեխա դրական հարաբերությունների կառուցման, ծնողների հոգատարության, նրանց վերաբերմունքի և ուշադրության հարցերը: Երեխաների հետ կապված խնդիրները շատ տարբեր և բազմազան են, իսկ նրանց դաստիարակության հարցերը` մեծաքանակ ու ծավալուն:
Ընտանիքում գերակա հարցը ծնող-երեխա հարաբերությունների խնդիրն է: Երեխայի ապահարմարվողականության տեսակների բացահայտումը բերում է այն եզրահանգման, որ պատճառը ընտանեկան դաստիարակության ոչ ճիշտ իրականացման, ծնող-երեխա բացասական հարաբերությունների մեջ է:
Ծնողները և երեխաներն ունեն փոխադարձ հաղորդակցման պահանջ, ինչը, կախված տարիքային առանձնահատկություններից, տարբեր կերպ է դրսևորվում: Ծնողների և երեխաների միջև տարիների ընթացքում ձևավորվում են փոխհարաբերությունների որոշակի տարբերակներ:
Օրինակ` դեռահասները ձգտում են ինքնահաստատման, պատանիները` ինքնադրսևորման: Եթե նրանք ծնողների հետ հասնում են փոխըմբռնման, ապա ձգտում են ակտիվ մասնակցել ընտանիքի կյանքին, թեթևացնել ծնողների հոգսերը եւ այլն:
Ծնողների սերն ու քնքշանքը երեխայի զարգացման համար կարևոր նախապայմաններ են: Կան ծնողներ, որոնք, իրենց փոքրիկներին անհասկացող և պարզունակ էակներ համարելով, հաշվի չեն առնում երեխաների հոգեկան առանձնահատկությունները: Երբ երեխան իրեն մենակ ու լքված է զգում, նրա մեջ չեն զարգանում անձի հոգեկան հասունության հիմնական կարևոր հատկանիշները՝ ինքնավստահությունն ու հավատը: Ծնողները պետք է իմանան, որ երեխան սիրել սովորում է իր ծնողներից: Ծնողի վարքն օրինակ է երեխայի համար: Չմոռանանք, որ որոշակի տարիքում (6-10 տարեկան) երեխան նույնականացվում է միևնույն սեռի ծնողի հետ։ Սա նշանակում է, որ երեխան որդեգրում է ծնողի մոտեցումները, մտքերը՝ նմանվելով նրան: Ուստի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ծնողն ունի մեծ պատասխանատվություն երեխայի անձի ձևավորման համար, և ճիշտ իրականացնելով դաստիարակության գործընթացը՝ մենք կունենանք բավականին լուրջ և նկատելի առաջընթաց հասարակության զարգացման բնագավառում, ինչն էլ կհանգեցնի հետագա նվաճումների:
Կարծում եմ առաջնային նախապայման է ծնողի համար իր երեխային աջակելու համար՝ կարողանալ շփվել խոսքով,ոչ մի բռնություն։ Կարծում եմ,որպես ամենամեծ աջակցող պետք է ծնողը երեխայի մեջ չսերմանի գերազանցիկ լինելու սինդրոմը,երեխան չպետք է վախենա անհաջողություններից։
Գերազանցիկի սինդրոմն իրականում անձի մեջ զարգացնում է թուլություն և անհաջողությունները հաղթահարելու սոցիալական փորձի բացակայություն: Նման սինդրոմով երեխան, գերազանց ավարտելով դպրոցը, անընդունակ և անպատրաստ է լինում կյանքի բարդ փուլերի համար: Հնարավորություն տվեք երեխային ունենալ նաև անհաջողություններ, ձեր օրինակով ցույց տվեք, որ դա նորմալ է, և կարելի է դրանից հետո հավաքվել և առաջ գնալով՝ ունենալ այլ ձեռքբերումներ: Կարծում եմ կարևորագույն պայման է նաև երեխային լիարժեք ճանաչումը ծնողի կողմից։
Ծնողի օրինակն ինչպիսի՞ դեր է խաղում երեխայի դաստիարակության և հաջողությունների մեջ: Ձեր փորձով ի՞նչ սովորություններ են լավ օրինակ ծառայում երեխային:
Ծնողը երեխայի համար միշտ լավագույն օրինակն է։Մեր օրինակով եթե դիտարկենք,Արեգը միշտ ինձ ասում է,որ ես շատ նպատակասլաց եմ ու ինչ մտքիս դնեմ, կհասնեմ դրան։Ես տեսնում եմ, որ նա նույնպես որդեգրել է այդ ձգտումն ու իրենով արել, ինչի համար անչափ ուրախ եմ։ Կարևոր է նաև,որ երեխան չապրի ստի միջավայրում,այլապես նա նույնպես կնմանակի ու ինքնաբերաբար կփոխվի։
Ո՞րն է առողջ ամենակարևոր տարրերից մեկը ծնող-երեխա հարաբերությունների միջև: Կանխելու համար կոնֆլիկտները, ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին:
Առողջ հարաբերությունների կարևոր տարրերից է գերխնամքի բացակայությունը երեխայի նկատմամբ։ Ծնողների կողմից չափից ավել ցուցաբերվող խնամքը և հոգատարությունը վանում է երեխաներին, ավելորդ հսկողությունից ազատվելու համար նրանք ձգտում են դեպի փողոց: Որպեսզի երեխայի շփման օղակը չսեղմվի, անհրաժեշտ է նրան անընդհատ ոգևորել,պահպանել կապը հարազատների հետ: Երեխային չի կարելի մեկուսացնել միջավայրից: Նա պետք է ձեռք բերի ինքնուրույնություն իր տարիքին և հնարավորություններին համապատասխան: Այն երեխաները, ովքեր ընտանիքում չեն ստանում բավարար ջերմություն, սեր, հոգատարություն, նվաստացման զգացումներ են ունենում, ենթարկվում են բռնության, սկսում են իրենք պաշտպանել իրենց իրավունքները սեփական ձևով, որոնք հաճախ անօրինական են, որն էլ բերում է տնից փախուստի, վարքագծի կտրում փոփոխման և կոնֆլիկտների առաջացման։Այս ամենից խոսափելու համար միշտ պետք է սիրո ու ջերմության մթնոլորտ։
Ի՞նչ կարո՞ղ է ծնողն անել, եթե զգում է, որ իր և երեխայի միջև կապը թուլացել է կամ խնդիրներ կան: Որտեղի՞ց կարելի է սկսել վերականգնել այդ կապը:
Ծնող-երեխա կապի թուլացումը տարբեր պատճառներ կարող է ունենալ։Ընդհանուր առմամբ դրա վերականգնման համար ես նախընտրում եմ խորհուրդ տալ շատ ժամանակ անցկացնել երեխայի հետ և շատ ավելի սեր և ուշադրություն տալ,փորձել միասին զբաղվել նրա սիրելի զբաղմունքներով,որակյալ ու անմիջական ժամանակ անցկացնել։ Կարծում եմ տևական և նմանօրինակ գործողություններով ծնողները կվերականգնեն իրենց կապը երեխայի հետ։
Դուք գրում եք մոտիվացիոն ծրագրեր դպրոցականների համար: Ի՞նչ հիմնական գործիքներ են ներգրավված ձեր ծրագրերում, որոնք կարող են օգնել երեխաներին մնալ կենտրոնացված և հետաքրքրված իրենց ուսումնական պրոցեսով:
Ես շեշտը դնում եմ աշակերտների կամարտահայտման վրա։ Ինչքան շատ է ուսուցիչը լսում երեխայի կարծիքը,կարևորում այն,այնքան շատ ավելի շատ է հավանականությունը, որ նա կանցկացնի պրոդուկտիվ և բովանդակալից դաս՝ ոչ բռնի,առողջ մթնոլորտում։ Եթե պետք է երեխան վախենա,անշարժ նստի և իրավունք չունենա դասապրոցեսի ընթացքում որևէ բան խոսել,ապա ես դա չեմ համարում արդյունավետ,վախի մթնոլորտում չի կարող առանց տռավմաների լինել ուսուցում։ Ես իմ ծրագրերում նաև կարևորում եմ mastermind-ը՝ոգեշնչումը,որպես մոտիվացիայի աղբյուր։Մոտիվացված լինելուց զատ կարևորում եմ նաև դիսցիպլինար գործընթացը ուսումնական պրոցեսին,որի արդյունքում սովորողը ձեռք է բերում ոչ իմպուլսիվ կենտրոնացում։
Ինչպիսի՞ դեր է խաղում ծնողը երեխայի մոտիվացիոն համակարգի ստեղծման գործում: Ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր ցանկանում են խրախուսել իրենց երեխաներին առանց հավելյալ ճնշում գործադրելու:
Կարծում եմ ծնողը պետք է լինի հետևողական՝չանտեսելով երեխայի անհատականությունը։Իր պահանջների մեջ միշտ լինի երեխայակենտրոն,որպեսզի իր ցանկությունները չփաթաթվեն երեխայի վզին,որի արդյունքում երեխան կկորցնի իր դիմագիծն ու կենտրոնացման հետ կունենա մշտական խնդիրներ։Սեր,
հանդուրժողականություն,գիտակից մոտեցում և համբերություն բոլոր ծնողներին։
Ի՞նչ կարևորագույն արժեքներ և սովորություններ կցանկանայիք, որ ծնողները փոխանցեին իրենց երեխաներին, որպեսզի նրանք ունենան մղվածություն ուսման մեջ:
Ես, ինչպես շատ հաճախ եմ նշում,կուզեի որ ծնողներն իրենց երեխաների մեջ սերմանեին ամեն բան իր ժամանակին սովորելու սովորությունը։Տարրական դպրոցի տարիներին յուրացնել առարկայական հիմնային գիտելիքներ,որպեսզի արդեն բարձր դասարաններում կամ հասուն տարիքում չանդրադառնան բազային գիտելիքներ ձեռք բերելուն։
Ինչպիսի՞ մոտեցումներ եք կիրառում ձեր որդի Արեգի դաստիարակման մեջ: Որո՞նք են ձեր հիմնական սկզբունքները, որոնց հետևում եք նրա կրթության և զարգացման ժամանակ:
Իրականում ես շատ խստապահանջ եմ Արեգի կրթության հարցում։ Մեզ համար կարևոր է հարգել միմյանց և գիտակցել,որ պետք է օրվա մեջ հասցնել պատրաստել դասերը,հաճախել խմբակների,խաղալ,միմյանց հետ ժամանակ անցկացնել և ճիշտ ժամանակին պառկել քնելու։Մենք բավականին հեշտ ենք եկել այս բալանսավորմանը,քանի որ ընտանիքի այլ անդամների կողմից չկան այլ մոտեցումներ այս գործընթացին,որն էլ հեշտացնում է իմ գործը։ Ես Արեգին դաստիարակում եմ նախ որպես պարտաճանաչ աշակերտ,հետո որպես արդարամիտ ու հայրենասեր քաղաքացի,ով պետք է ջանք ու եռանդ չխնայի իր ընտանիքի,երկրի համար լավագույն օրինակը լինելու։
Ի՞նչ խորհուրդ կտաք ծնողներին, ովքեր դժվարանում են պահպանել հավասարակշռությունը երեխաների կրթության և ազատ ժամանակի միջև: Ձեր կարծիքով, ինչպիսի կարևորություն ունի ազատ ժամանակը երեխայի զարգացման համար:
Ես կարծում եմ երեխան օրվա մեջ պետք է ունենա ազատ ժամանակ և ինքնուրույն տնօրինի իր ժամանակը՝ իհարկե ծնողների վերահսկողությամբ։ Դա կարևոր է երեխայի մեջ ինքնավստահության, ինքնուրույնության սերմանման համար։ Կարծում եմ պետք է ճիշտ նժարին լինի երեխայի՝ազատ ժամանակ ունենալու նախապայմանը։Խորհուրդ կտամ դժվարանալու դեպքում օրվա պլան կազմել և սկզբնական շրջանում առաջնորդվել դրանով,որը կօգնի ավելի հստակ կազմակերպել օրն ու կդառնա րիտուալ։
Կա՞ն հատուկ մեթոդներ, որոնք օգնում են Արեգին կենտրոնանալ իր դասերի վրա և մնալ մոտիվացված։
Արեգը շատ շուտ մոտիվացվող երեխա է։ Մենք ունեինք խնդիր դիսցիպլինայի հետ կապված,որն էլ զանազան վարժություններով կարգավորեցինք։ Մենք Արեգի հետ հաճախ են դիտում ու կարդում հայտնի մարդկանց հաջողված պատմություններ,որոնք նրան ոգեշնչում են հանդեպ կրթությանն ու ուսմանը։Բախտս բերել է,Արեգը շատ է սիրում ընթերցանություն,անհագ կերպով կարդում է արկածային գրականություն,շատ է սիրում լինել ինֆորմացված և միշտ ձեռքը զարկերակին պահել՝ետ չմնալ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։Իսկ ես որպես մայր,մշտապես աջակցում և ուղղորդում եմ նրան՝չանտեսելով և չմոռանալով հաշվի առնել իր ցանկությունները։